Մեքսիկայում զգալիորեն մեծացել է նոր` A(H1N1) գրիպով հիվանդացողների թիվը: Հիվանդության տարածմանը նպաստում է երկրում տիրող սառը եղանակը: Ըստ առողջապահության նախարարության տվյալների` երկրում տարվա սկզբից գրանցվել է այդ նոր գրիպով վարակված ավելի քան 1,4 հազար դեպք, որոնցից 29-ը մահացու ելք են ունեցել:

Այդ հիվանդության կտրուկ աճ գրանցվել է այս շաբաթվա ընթացքում: Մինչեւ հունվարի 20-ը գրանցված են եղել 573 հիվանդներ, որոնց մոտ հայտնաբերվել է A(H1N1) վիրուսը, իսկ արդեն շաբաթվա վերջում նրանց թվին ավելացել է եւս 883 մարդ:

Մեքսիկական իշխանությունները, սակայն, դեռեւս կանխարգելիչ լայնամասշտաբ  միջոցառումների չեն դիմել: Միեւնույն ժամանակ, առողջապահական իշխանությունները վարակի դեմ անվճար փոխպատվաստում են տրամադրել բոլոր ցանկացողներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

2009 թվականին Մեքսիկայում տեղի էր ունեցել նոր գրիպի համաճարակ` ստիպելով առողջապահական մարմիններին արտակարգ դրություն հայտարարել: Այն ժամանակ տարվա ընթացքում երկրում գրանցվել էր A(H1N1) գրիպի վիրուսով վարակված 68 հազար դեպք, որոնցից ավելի քան 800 մարդ մահացել էր: