Վանդենբերգի (Քալիֆորնիա նահանգ) ԱՄՆ ռազմաօդային ուժերի կայան է հասցվել տիեզերական ինքնատիպ հեռադիտակ, որը նախատեսված է Արեգակի վրա հետազոտություններ կատարելու, մութ մատերիայի եւ սեւ խոռոչների առկայության ուղղակի ապացույցներ գտնելու համար:
Փասադենայում NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիան հաղորդել է, որ NuSTAR միջուկային սպեկտրոսկոպիկ հեռադիտակի գործարկումը «Պեգաս» հրթիռակրով նախատեսված է մարտի 14-ին:
Ծրագրի նախնական փուլի համար 2 տարի է հաշվարկված: NuSTAR-ի օգնությամբ ամերիկացիները ցանկանում են մանրամասն ուսումնասիրել գերնոր աստղերի մնացորդները, պատկերացում կազմել Արեգակի պսակի տաքացման մասին: ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը նաեւ հույս ունի ստուգել սեւ խոռոչների եւ մութ մատերիայի առկայության տեսությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Մութ մատերիայի անվան տակ ենթադրվում է մատերիայի հիպոթետիկ մի ձեւ, որը էլեկտրամագնիսական ճառագայթում չի արձակում եւ նրա հետ փոխհարաբերության մեջ չէ: Նրա առկայությունը կարելի է հայտնաբերել միայն իր իսկ առաջացրած ձգողական ազդակների միջոցով: Ըստ ժամանակակից գնահատականների` ներկայիս Տիեզերքում նրա զանգվածի 70%-ը մութ էներգիային է բաժին ընկնում, 25%-ը` մութ մատերիային, եւ միայն 5 %ը` սովորական մատերիային, որն էլ ձեւավորում է քվարց, պրոտոններ, նեյտրոններ եւ էլեկտրոններ, որոնցից էլ բաղկացած են մոլորակները, աստղերը եւ գալակտիկաները:




























