Գյումրիի քաղաքապետարանի դիմաց մեծ թվով կարմիրջոկատայիններ են կանգնած։ Այստեղ հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրանց մտնել քաղաքապետարանի շենք, մտավախություն ունենալով, որ եկել են ձերբակելն քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։

Իրավիճակը լարված է։ «Ում որ պետք է բռնեք, գնացեք նրան բռնեք։ Թուրքի փողերով եկել հայերին եք ճնշո՞ւմ։ Կաշառք բաժանողը հենց ձեր Փաշինյանն է»,– բացականչում էին քաղաքացիները։

Այստեղ է նաեւ Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը։ Նա ի վերջո, հանձնարարեց կարմիր բերետավորներին նստել ավտոմեքենաների մեջ։

նա նաև հորդորեց քաղաքացիներին ոստիկաններին ոչ մի բան չասել. «Թող բոլորն իրենց կոռեկտ պահեն։ Մենք այսեղ մեքենաների մոտ ենք, դուք բողոք եք ուզում հայտնել, ձեր բողոքը արտահայտեք»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։