Ինձ լսեք, ամեն ինչ նորմալ կլինի։ Օրենքի տառը պահպանում ենք։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, Գյումրիի քաղաքապետարանում հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա ուժայինների ուղեկցությամբ դուրս եկավ իր աշխատասենյակից։ Քաղաքապետարանի շենքում բազմաթիվ աշխատողներ են հավաքված, որոնք չէին ցանկանում թույլ տալ, որ նրան ձերբակալեն։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։
Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։
Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։
Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։





























