Քաղաքապետարանի ներսում շատ պայթունավտանգ իրավիճակ է, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը. հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և պարոն Ղուկասյանի հետ հանդիպել, ասեցին քննչական գործողություններ են։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում  ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը, ով քիչ առաջ էր դուրս եկել քաղաքապետարանի շենքից։

Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որտեղ նա Վարդան Ղուկասյանին անվանել է «կոռուպցիոներ սրիկա», պատգամավորն ասաց. «Դա ՔՊ-ականների գործելաոճն է, անմեղության կանխավարկածը խախտելով միանգամից արդեն որոշեցին, որ պարոն Ղուկասյանը հանցագործ է, հանցագործություն է կատարել ու անեծքի պես բաներ են ասում։

Պարոն Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, որոնք հավաքվել էին, ասաց՝ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Դեռ դուրս չեն եկել, շենքում են, քննչական գործողություններ են ընթանում»։
Հարցին՝ Վարդան Ղուկասյանին կտանե՞ն կալանքի, նա պատասխանեց. «Չեմ ցանկանում, որ այդպիսի բան լինի, բայց Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում ելույթից հետո պարզ էր, հա հրահանգը բառացի տվեց իրավական համակարգին»։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությանը, պատգամավորը նկատեց, որ նմանատիպ ձայնագրություններ ՔՊ–ն միշտ էլ «սլիվ» է արել Փաշինյանի «Հայկական ժամանակի» միջոցով։

Հարցին՝ հիմա Վարդան Ղուկասյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ չի վերցրել, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Էդ ոչ մեկը չի կարա ասի։ Անմեղության կանխավարկած կա, որը միշտ ոտնահարվում է ՔՊ–ի կողմից։

Իրավապահ համակարգը դարձել էդ խեղկատակի ձեռքին գործիք, զբաղված են միայն ընդդիմադիրներին ճնշելով»։

Նա տեղեկացրեց, որ ներսում իրավապահները շատ–շատ են, այդ թվում փոխոստիկանապետերը, Պարեկային ծառայության պետը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։

Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել են աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել, որոնց թիվը գնալով շատանում է։ Իրավիճակը լարված է։ Ինչ–որ պահի նույնիսկ քաշքշուկ տեղի ունեցավ ոստիկանների ու հավաքված քաղաքացիների միջև։

Լարված է նաև քաղաքապետարանի ներսում։ Քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեկուսացրել են և դռան մոտ զինված ոստիկաններ են կանգնած։ Աշխատակիցները փորձում են ներս մտնել և թույլ չտալ, որ քաղաքապետին ձերբակալեն։ Քիչ առաջ Վարդան Ղուկսյանը դուրս եկավ աշխատասենյակից և հանգստության կոչ արեց բոլորին, ասելով, որ հիմա օրենքով ամեն ինչ կանեն, հետո կտեսնեն՝ ինչ կլինի։

Նշենք, որ Երևանից ոստիկանական շարասյուն է ուղևորվել Գյումրի։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։

Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։