Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության արտակարգ նիստում Լորան Նունյեսը պահանջել է անհապաղ ուժեղացնել անվտանգության միջոցառումները երկրի բոլոր թանգարաններում: Այս մասին հայտնել է France Info ռադիոն՝ վկայակոչելով նիստի մասնակիցներին:
«Անհրաժեշտ է անհապաղ ստուգել մշակութային վայրերում գործող բոլոր անվտանգության համակարգերը և ուժեղացնել դրանց պաշտպանությունը», - ռադիոկայանը մեջբերում է գերատեսչության ղեկավարի խոսքերը։
Մշակույթի նախարար Ռաչիդա Դատին, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, ընդունել է, որ «պատշաճ ուշադրություն չի դարձվել մշակութային ժառանգության անվտանգության ապահովմանը»։ «Լուվրը վատ է պաշտպանված հանցագործության նոր ձևերից», - նշել է Դատին՝ կոչ անելով անհապաղ միջոցներ ձեռնարկել թանգարանի անվտանգությունն ամրապնդելու համար։
Վերջին ամիսներին Ֆրանսիայի թանգարաններով մեկ կողոպուտների ալիք է տարածվել։ Այսպես, սեպտեմբերին չարագործները ներխուժել են Բնագիտության ազգային թանգարան, որտեղից ընդհանուր առմամբ գողացել են 6 կգ ոսկի։ Մի քանի օր առաջ հարձակման էր ենթարկվել Լիմոժի թանգարանը, որտեղից գողացվել էին 6,5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ճենապակյա ցուցանմուշներ։ Հոկտեմբերին երկու անգամ կողոպտվել է Ժակ Շիրակի թանգարանը Սարրանում (Կոռեզ դեպարտամենտը Կենտրոնական Ֆրանսիայում)։ Գողացվել են կոլեկցիոն ժամացույցներ։ Թանգարանային մաֆիան կողոպտում է նաև եկեղեցիները. հոկտեմբերին Մարսելի մոտ գտնվող Բուկ-Բել-Էր կոմունայում գողացվել է հնագույն զանգ։





























