Յուլյա Տիմոշենկոյի դուստր Եվգենյան ԱՄՆ-ի Սենատ բանավեճի է հրավիրված: Եվգենյան կմասնակցի ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների (ամերիկյան խորհրդարանի վերին պալատ) Եվրոպայի հարցերով կոմիտեի ենթահանձնաժողովի լսումներին:

«Ուկրաինան խաչմերուկներում. Ի՞նչն է վտանգված ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համար» թեմայով բանավեճը սենատոր Ջին Շահինի նախագահության ներքո տեղի կունենա փետրվարի 1-ին: Այդ մասին հայտնում է Յուլյա Տիմոշենկոյի կայքը:  

Լսումներին կմասնակցի նաեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սթիվեն Փայֆերը, որն այժմ վերլուծաբան է Վաշինգթոնի ամենահայտնի քաղաքագիտական կենտրոններից մեկում: Եվ. Տիմոշենկոյի ելույթի թեման չի հայտնվում: Չի բացառվում, որ նա կշոշափի իր մոր հետապնդման թեման, հաղորդում է rbc-ն:

Ներկայումս Յուլիա Տիմոշենկոն գտնվում է Խարկովի Կաչանովյան քրեական մեկուսարանում, որտեղ կրում է 2009 թվականին ՌԴի հետ գազային պայմանագրերի ստորագրման ժամանակ իր պաշտոնեական լիազորությունների գերազանցման պատիժը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվգենյա Տիմոշենկոն շրջագայության էր մեկնել Եվրոպայի երկրներ` իր մոր մասին ճշմարտությունը պատմելու համար: Իսրայելում նա նախկին վարչապետին  «Ուկրաինայի Ժաննա դը Արկ է անվանել»: