Բիլլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամը ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամին կնվիրաբերի 750 մլն դոլար: Այս մասին Microsoft ընկերության հիմնադիր Բիլլ Գեյթսը հայտարարել է Դավոսում ընթացող համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:
Նվիրատվությունը կօգնի հիմնադրամին «ճկուն եւ արագ տեղաբաշխել միջոցները, որպեսզի արագ լուծվեն տարբեր նախագծերի ֆինանսավորման հարցերը»,-ասել է Գեյթսը:
«Դրանք կարող են լինել ինչպես մալարիայի տարածմանը նպաստող մոծակների դեմ ցանցերի գնումներ, այնպես էլ տուբերկուլյոզի դեմ դեղամիջոցների գնումներ: Հնարավոր է, որ այդ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված ջանքերն այնքան էլ նկատելի չեն, որքան ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ջանքերը, բայց այդուհանդերձ, դրանք շատ կարեւոր են»,-ընդգծել է Microsoft-ի հիմնադիրը:




























