Եգիպտոսի զինված ուժերի Գերագույն խորհուրդը պատվիրակություն է ուղարկել ԱՄՆ` սկանդալը հարթելու համար, որը ծագել էր եգիպտական իշխանությունների կողմից մի քանի ամերիկացի քաղաքացիների երկրից դուրս գալն արգելելու արդյունքում: Սկանդալը կարող է  Եգիպտոսին զրկել ԱՄՆ-ի ֆինանսավորումից:

Ըստ եգիպտական դատախազության հաղորդագրության` Հանրապետական ինստիտուտի (հումանիտար կազմակերպություն, որ ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից) ղեկավարներին` Եգիպտոսը լքելու արգելքի պատճառ են հանդիսացել նրանց անօրինական ֆինանսական գործողությունները: Նրանք մեղադրվում են նրանում, որ Եգիպտոսում ստեղծել են ոչ կառավարական կազմակերպություն եւ այն չեն գրանցել համապատասխան մարմիններում: ԱՄՆ-ի քաղաքացիները ղեկավարել են այս կառույցը եւ դրա համար աշխատավարձ ստացել` չտեղեկացնելով այդ մասին Եգիպտոսի հարկային տեսչություններին: Նման օրինախախտման համար, ըստ եգիպտական կանոնադրության, 5 տարվա ազատազրկում է սպառնում: 

Արգելքի ենթարկվածների շարքում  է Կահիրեում Միջազգային հանրապետական ինստիտուտի ղեկավար, ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարի որդի Սեմ Լահուդը: ԱՄՆ-ի աշխատակազմը կտրուկ տոնով Կահիրեից պահանջել է անմիջապես վերացնել ամերիկացի քաղաքացիների տեղաշարժմանը խանգարող բոլոր սահմանափակումները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱՄՆ-ը Եգիպտոսին տրամադրած ֆինանսական օգնության ներկայացրած պահանջների շարքին եւս մեկն է ավելացրել: Կահիրեն չպետք է խանգարի երկրում եգիպտական կամ օտարերկրյա հումանիտար կազմակերպությունների գործունեությանը: