«Կոստա Կոնկորդիա» սուզված զբոսանավի վրա հայտնաբերվել է 17-րդ զոհի մարմինը: Իտալացի փրկարարները հայտնել են, որ նրանք մահացած կնոջ մարմինը գտել են նավի 7-րդ տախտակամածի վրա:
Զբոսանավում որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն հունվարի 28-ին դադարեցվել են վառելիքի հետքաշման աշխատանքները ծովի անհանգիստ լինելու պատճառով, հայտնում են իտալական լրատվամիջոցները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը նավաբեկության է ենթարկվել հունվարի 14-ի գիշերը Տիրրենյան ծովում` Իտալիայի Տոսկանա նահանգի Ջիլյո կղզու մոտ: Նավի վրա գտնվել է շուրջ 4,2 հազար մարդ: Մինչեւ այժմ մոտավորապես 20 մարդ համարվում է անհետ կորած:




























