ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել այսօր կարգալույծ եղած Տեր Արամ քահանային՝ ավազանի անունով Ստեփան Ասատրյան։

Նա նշեց, որ տեղեկացել են, որ այսօր Վեհափառ Հայրապետը ստիպել է իր ենթականերին, որպեսզի Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր Տեր Արամին կարգալույծ անեն։

«Սա հերթական հակաեկեղեցական քայլն է Կտրիճ Ներսիսյանի կողմից։ Սա չունի որևէ արդարացում, որևէ հիմք։ Կտրիճ Ներսիսյանը մարդ է, ով խախտել է Աստծո առաջ տված իր ուխտը։ Նա մարդ է, որը ըստ վերջերս տարածված ձայնագրության, ստիպել է իր ենթակային, Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականին, որի եղբայրը զոհվել է 44–օրյա պատերազմում, որ իր մոր հետ գնա և իշխանությունների դեմ հանրահավաք անի։ Ընդ որում, այդ ձայնագրությունը չի հերքվել, ավելին ասեմ՝ հաստատվել է Մայր Աթոռի կողմից։

Կտրիճ Ներսիսյանը մի մարդ է, որի զարմիկը ըստ առաջադրված մեղադրանքի, ստիպել է հոգեւորականներին մասնակցել հանրահավաքներին։ Եվ օ, զարմանք, այդ հոգևորականը, ըստ մեղադրանքի, Տեր Արամն է այդ թվում, որին այսօր կարգալույծ արեցին»,–ասաց Ռուբինյանը։

Նա հայտարարեց, որ Կտրիճ Ներսիսյանը պետք է համակերպվի այն փաստի հետ, որ ինքը կաթողիկոս չէ, չի կարող լինել։

«Առաջարկում եմ Կտրիճ Ներսիսյանին սկսել հավաքել իր իրերը, որովհետև  ինքը ոչ միայն պետք է լքի վեհարանը, այլ  պետք է կարգալույծ արվի և կարվի»,- ասաց Ռուբինյանը։