Ֆրանսիայի դատախազությունը հայտարարել է, որ չինական ծագում ունեցող կնոջը մեղադրանք է առաջադրվել անցյալ ամիս Փարիզի Բնության պատմության թանգարանից մոտավորապես 1,5 միլիոն եվրո արժողությամբ վեց ոսկե բնակտոր գողանալու համար, հաղորդում է BBC News-ը։

Ըստ պաշտոնյաների՝ կինը ձերբակալվել է Բարսելոնայում՝ հալված ոսկին ոչնչացնելու փորձի ժամանակ, և ներկայում նախնական կալանքի տակ է։

Թանգարանը, որը հայտնի է իր կենդանիների խրտվիլակների և ոսկորների հավաքածուներով, ունի հանքաբանական պատկերասրահ, որտեղից էլ առգրավվել է ոսկին։ Ոստիկանությունը դեպքի վայրում հայտնաբերել է անկյունային հղկող սարք և զոդման լամպ։ Թանգարանի տագնապի և հսկողության համակարգերը կիբեռհարձակման պատճառով անջատվել են, և գողերն, ըստ երևույթին, գիտեին դրա մասին, այդ ժամանակ հաղորդել էին ֆրանսիական լրատվամիջոցները։

«Գողերը, որոնք ակնհայտորեն բարձր փորձառություն ունեին և լավ տեղեկացված էին, օգտագործել են անվտանգության խոցելիությունը, որը 2024 թվականին անցկացված վերջին ստուգման ժամանակ չէր հայտնաբերվել»,- ֆրանսիական Le Figaro պարբերականին հայտնել է թանգարանի ներկայացուցիչը։

Մաքրուհիները հայտնաբերել են խախտումը, երբ լուսաբացից առաջ աշխատանքի են եկել թանգարան, որը Սորբոնի համալսարանի մաս է կազմում և գտնվում է Փարիզի կենտրոնում՝ Բուսաբանական այգու մոտ: Կասկածյալին ձերբակալել է իսպանական ոստիկանությունը սեպտեմբերի 30-ին՝ եվրոպական կալանքի հրամանագրով, և նույն օրը հանձնվել է ֆրանսիական իշխանություններին, ասված է պաշտոնյաների հայտարարության մեջ։

Ձերբակալման պահին նրա մոտ եղել է մոտ մեկ կիլոգրամ հալված ոսկի: Հետաքննությունը շարունակվում է: Ենթադրվում է, որ նա ծրագրում էր մեկնել Չինաստան: Ավստրալիայից ծագումով ամենախոշոր գողացված բնակտորներից մեկը կշռում է 5 կիլոգրամ: Ոսկու ներկայիս գնով դրա արժեքը կկազմի մոտ 585 հազար եվրո: