Հանելով Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները՝ Ադրբեջանը նպաստել է տարածաշրջանում համագործակցության և վստահության վերականգնմանը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ ֆորումում իր ելույթում։
Ըստ Ասադովի՝ «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի օրակարգի շուրջ ձեռք բերված համաձայնագրերը պատմական նշանակություն ունեն տարածաշրջանում կայուն համագործակցության ապահովման համար»։
«Տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը, այդ թվում՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելը, որը երկրի անբաժանելի մասն է, կնպաստի տարածաշրջանի տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը միջազգային բեռնափոխադրումների համար։ Մենք վստահ ենք, որ նոր երթուղին, որը կբացվի տարածաշրջանում ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, կդառնա Միջին միջանցքի կարևոր հատվածներից մեկը և կնպաստի գլոբալ տրանսպորտային ցանցում դրա դերի բարձրացմանը։ Ադրբեջանը շարունակում է ցուցադրել իր հավատարմությունը տարածաշրջանում համագործակցության և վստահելի միջավայրի վերականգնմանը։ Ադրբեջանը կարևոր ներդրում է ունեցել այս ուղղությամբ՝ վերացնելով Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք մնացել էին օկուպացիայի ժամանակներից։ Ադրբեջանի տարածքով ղազախական հացահատիկի փոխադրումը Հայաստան այս առումով առաջին գործնական քայլն է։ Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դա ցույց է տալիս, որ խաղաղությունն իրականացվում է ոչ միայն թղթի վրա, այլև իրական կյանքում»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։





























