Ռուսաստանը, կարծես, վախեցած էր ՆԱՏՕ-ի կողմից անցյալ ամիս Լեհաստանի և Էստոնիայի օդային տարածք ներխուժմանը ցուցաբերած կոշտ արձագանքից, սակայն ակնկալվում է, որ Մոսկվան կշարունակի փորձարկել իր սահմանները, Reuters-ին ասել է գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։
Սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի երեք ռազմական ինքնաթիռներ 12 րոպեով խախտել են Էստոնիայի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ն օդ է բարձրացրել կործանիչներ և դուրս բերել դրանք, իսկ Վաշինգտոնը խոստացել է «պաշտպանել ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»։ Ինը օր առաջ ավելի քան 20 անօդաչու թռչող սարք է ներխուժել Լեհաստանի օդային տարածք։
ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խոցել են դրանցից մի քանիսը և դա առաջին դեպքն էր, երբ դաշինքի անդամը կրակ է բացել ռուսական օբյեկտների ուղղությամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր։
Ինչպես նշել է գեներալ Գրինկևիչը, ՆԱՏՕ-ի պատասխանները ազդանշան են եղել Մոսկվայի համար։
«Մենք իսկապես տեսնում ենք նշաններ, որ ռուսները փորձում են ավելի զգույշ լինել, որ նրանք գիտակցում են, որ մի քանի դեպքերում մոտ են եղել սահմանը հատելուն կամ հատել են այն, հատկապես եթե հաշվի առնենք Լեհաստանում անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպը», - ասել է նա։ - «Մենք զսպող ազդեցություն կունենանք, բայց նրանք կշարունակեն գործել և կիրառել հիբրիդային մոտեցումներ՝ Հյուսիսատլանտյան դաշինքին մարտահրավեր նետելու համար»։





























