«Այս իշխանությունները ցանկացած գնով լռեցնում են այլ քաղաքական դիրքորոշում հայտնող մարդկանց, ընդհուպ մինչև մեկուսացնելը, ինչպես Վարդան Ղուկասյանի դեպքում է»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Այս իշխանությունները 0 հանդուրժողականություն ունեն այլակարծության հանդեպ»,–հավելեց նա։

Պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, որ թեև Ալիևը հայտարարել է հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին, սակայն ինչպե՞ս է հաստատվելու Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք օկուպացված Արցախ, բռնի տեղահանված քաղաքացիներ և Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Եթե խաղաղությունը մշտական լինի, ես խաղաղության մեջ միայն լավն եմ տեսնում։ Իսկ վտանգաներ բոլոր տեղերում կան։ Կախված նրանից, թե ով է որոշում կայացնողը, վտանգները կա՛մ իրականություն են դառնում, կամ շրջանցում են»,–ասաց նա։

Անդրադառնալով Ալիևի՝ հայկական տարանցիկ բեռների վրայից սահմանափակումները հանելու մասին հայտարարությանը, ՀՀ 3-րդ նախագահն ասաց.

«Չեմ կարծում, թե  հացահատիկ ներկրելու ամենահարմարավետ, էժան ու կարճ տարբերակն է։ Եթե այդպիսի բան կա, բացարձակապես դեմ չեմ, եթե հացահատիկի որակը լավն է, և դրա արդյունքում հացի գինը էժանանալու է»,–ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ անվտանգությունն ապահովվելու՞ է, Սարգսյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ անվտանգության հետ դա կապ չունի»։

Խոսելով Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձի անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն ասաց, որ մինչ Բաքվում շինծու դատավարության ավարտը, գերիների վերադարձը քիչ հավանական է։

«Ամենաառաջին պայմանը այս իշխանություններին իշխանությունից զրկելն է։ Ինչքան էլ կապեր ունենք, ինչքան էլ եվրոպական կուսակցությունների հետ ունենանք հարաբերություններ, առանց ՀՀ իշխանությունների սատարման գրեթե անհնարին է այդ խնդրի լուծումը»,-հավելեց Սերժ Սարգսյանը։