Բարձրագույն դատական խորհրդի այսօրվա կառուցվածքը խնդրահարույց է և չի ապահովում դատական համակարգի օրգանական կապը իշխանության միակ տիրոջ՝ ժողովրդի հետ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։ Եթե ժողովրդին չի պատկանելու, կարող է պատկանի մի հատ ուրիշ երկրի կամ մի հատ երրորդ երկրի հատուկ ծառայության։
Այսօր շատ դեպքերում իշխանության պատկանելը ժողովրդին ֆորմալ բնույթ է կրում։ Մենք այսօր դատավորների ընդհանուր ժողովին տվել ենք ընտրական իրավունք։ Ի՞նչ կապ ունի դատավորների ընդհանուր ժողովը ընտրական իրավունքի հետ։ Սա իմ կարծիքով, անընդունելի բան է, ու՞մ լիազորությունն է օգտագործում։ Եվ կան այսպիսի հարցեր, որ մենք պետք է լուծենք, իսկ դրա լուծումը էլի սահմանադրությանփոփոխություններն էին, որը մենք նախաձեռնել էինք Քովիդի պատճառով տեղի չունեցավ։ Բայց մենք հիմա պետք է գնանք նոր սահմանադրություն ընդունենք, որովհետև բաներ կան, որ եթե մենք կեսից կիսվենք էլ, չենք կարող անել գործող սահմանադրության կարգավորումների պատճառով։
Իսկ մենք չենք կարող ձև անել, թե մենք հարց լուծեցինք։ Դատական համակարգի հարցի լուծումը հետևյալն է՝ ստեղծել տեսանելի օրգանական կապ դատական համակարգի և իշխանության միակ տիրոջ ժողովրդի միջև։ Այսօր այդ կապը չկա, գոյություն չունի, դրա համար այս բոլոր պրոբլեմները առաջանում են։
Ընդհանրապես ոչ մի հաշվետվողականություն չկա։ Ընդհանրապես մեր իրավական մենթալիտետը շատ խնդրահարույց է։
Անկախ դատական համակարգ չի նշանակում ժողովրդից անկախ դատական, ընդհակառակը, նշանակում է մնացած բոլորից անկախ, բայց ժողովրդի իշխանությամբ գործող, ոչ թե ժողովրդի կամքով գործող, այլ ժողովրդի իշխանությամբ գործող, ժողովրդի մանդատով գործող»,– հայտարարեց Փաշինյանը։





























