Դա ինձ համար զգայուն հարց է. համալսարանում, որտեղ պատրաստվում են ապագա ուսուցիչներ, տեղի են ունենում գործընթացներ, որոնք նկարագրված են հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 22-ին «Կառավարության ժամ»-ի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մեկնաբանելով Հայկական մանկավարժական համալսարանի ղեկավարության ձերբակալումը։

Նախարարը դա անբնական իրավիճակ է անվանել։

«Ռեկտորի լիազորությունները կասեցվել են, և ժամանակավոր պաշտոնակատարի հարցը լուծվել է, որպեսզի համալսարանի բնականոն գործունեությունը չխաթարվի։

Ես հավաստիացումներ ստացա, ըստ որոնց հոգաբարձուների խորհուրդը հնարավորություն չի ունեցել թղթի վրա իմանալ սխեմայի մասին։ Բայց ինձ համար դա բավարար չէ, և մենք շուտով պետք է անդրադառնանք համալսարանի ներսում այդ խնդրի վերաբերյալ իրազեկվածության հարցին»,- նշել է Անդրեասյանը։

Նա պարզաբանել է, որ եթե համալսարանում ինչ-որ մեկը տեղյակ է եղել դրա մասին և ժամանակին չի հաղորդել, ուրեմն այդ անձի կամ անձանց համալսարանում հետագա  աշխատանքը պետք է քննարկվի։

«Արդարացման համար ոչ մի գործոն չկա, կան խոստովանական ցուցմունքներ»,- եզրափակել է նա։

Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի լիազորությունները կասեցված են։ Այսօր ԱԺ-ում այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այսօր տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նիստ, որով ռեկտորի լիազորությունները կասեցվել են և ժամանակավոր պաշտոնակատարի հարցն է կարգավորվել, որ բուհի բնականոն գործունեությունը շարունակվի»,- ասել է  Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ առաջիկայում պետք է լրջորեն դիտարկեն բուհի անձնակազմի հարցը, թե արդյոք որևէ մեկը տեղյակ եղե՞լ է, թե ինչ է կատարվում։

Հիշեցնենք` ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ մեղադրվում են համալսարանի տարբեր աշխատակիցներից կազմված հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու, ինչպես նաև կաշառք ստանալու մեջ։ Հոկտեմբերի 17–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել են համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և համալսարանի մի շարք այլ աշխատակիցներ։