Նոր Զելանդիայի պատմության մեջ պետական հիվանդանոցների և հանրակրթական հաստատությունների աշխատակիցների ամենամեծ գործադուլներից մեկն է տեղի ունենում, հայտնում է Radio New Zealand ռադիոկայանը։

Ըստ նրա տվյալների, բողոքի ակցիային մասնակցում է ավելի քան 100 հազար ուսուցիչ, բուժքույր և բժիշկ, որոնք դժգոհ են աշխատավարձի չափից ու աշխատանքային պայմաններից։ «Երկրի կառավարությունը կտրված է իրականությունից և կարծես, չի գնահատում ո՛չ բժիշկների և ուսուցիչների աշխատանքը, ո՛չ էլ նրանց», - հայտարարել է միջոցառման կազմկոմիտեի՝ Նոր Զելանդիայի Արհմիությունների խորհրդի ներկայացուցիչ Ռիչարդ Վագստաֆը։

Արհմիությունների խորհրդի տվյալներով, որի մեջ են մտնում Հանրային ծառայության ասոցիացիան (PSA), NZNO-ն, Նոր Զելանդիայի կրթական Te Riu Roa ինստիտուտը (NZEI), Հանրային ծառայության ուսուցիչների ասոցիացիանն (PPTA Te Wehengarua) և Անձնակազմի բժշկական մասնագետների ասոցիացիան (ASMS), գործադուլավորների հիմնական պահանջը աշխատավարձի բարձրացումն է։

Երկրի կառավարության վերջին առաջարկը, որը բուժաշխատողներին երաշխավորում է աշխատավարձի բարձրացում՝ բժիշկների համար՝ 5% 16 ամսվա ընթացքում, իսկ բուժքույրերի համար՝ 2%՝ 2025 թվականի հունիսից, և ևս 1%՝ 2026 թվականի հունիսից, արհմիության կողմից որակվել է  որպես անընդունելի։ Նոր Զելանդիայի առողջապահության նախարարությունը պետք է լսի աշխատողների ձայնը և վերադառնա բանակցությունների սեղան՝ ներկայացնելով աշխատավարձի այնպիսի առաջարկ, որը կարտացոլի բուժաշխատողների իրական արժեքը պետական առողջապահական համակարգի համար։ Բացի այդ, անհրաժեշտ է հիվանդանոցներն ապահովել անհրաժեշտ կադրերով և վերջ դնել նոր աշխատակիցների հավաքագրման ձգձգումներին, նշել են բուժաշխատողների ազգային արհմիությունից։

Նոր Զելանդիայի կրթության նախարարությունը ուսուցիչներին առաջարկել է աշխատավարձի բարձրացում՝ 12 ամսվա ընթացքում 4,7%, սակայն արհմիությունները մերժել են այն և որակել որպես «միջնակարգ դպրոցների ուսուցիչների և աշակերտների շահերին ու կարիքներին չհամապատասխանող»։ «Այս առաջարկը շատ ավելի վատն է, քան այն ամենը, ինչ մեզ առաջարկվել է նախկինում, այդ իսկ պատճառով մենք որոշեցինք գործադուլ հայտարարել», - ասել է PPTA-ի նախագահ Քրիս Աբերքրոմբին՝ հավելելով, որ ուսուցիչները կշարունակեն գործադուլները և ևս երկու բողոքի ակցիա կանցկացնեն հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 5-ը։