Դուբայ, ԱՄԷ - Դուբայի առևտրի պալատը, որը «Դուբայի պալատներ» կառույցի ներքո գործող երեք պալատներից մեկն է, հաջողությամբ ավարտել է իր առևտրային առաքելությունը Վրաստանում և Հայաստանում։ Առաքելության երկրորդ փուլում Պալատը կազմակերպեց մի շարք B2B հանդիպումներ Դուբայից ժամանած ընկերությունների և նրանց հայաստանյան գործընկերների համար՝ նոր համագործակցություններ ուսումնասիրելու և փոխադարձ առևտրի ու ներդրումների ընդլայնման հնարավորությունները բացահայտելու նպատակով։

Առաքելության շրջանակում Դուբայի առևտրի պալատը Երևանում կազմակերպեց «Բիզնես հարաբերությունները Հայաստանի հետ» վերնագրով բիզնես ֆորում։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Երևանում ԱՄԷ դեսպանատան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Էնթերփրայզ Արմենիայի» հետ համագործակցությամբ։

5J9A6976.jpg (290 KB)

Ֆորումի շրջանակում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյանը։ Նշանակալի ելույթներով հանդես եկան նաև Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Մոհամմեդ Շարիֆ Աբդուլլա Ալ Մուլլան և ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, բիզնեսի ղեկավարներ և տեղական ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հավաքվել էին՝ բացահայտելու Դուբայի պատվիրակության անդամների հետ համագործակցության ուղիները և համատեղ բիզնես հնարավորությունները։

Դուբայի պալատների միջազգային հարաբերությունների գործադիր փոխնախագահ Սալեմ Ալ Շամսին նշեց. «Այս առևտրային առաքելությունը Հայաստան նշանակալի քայլ է կովկասյան տարածաշրջանի հսկայական ներուժը Դուբայի բիզնես համայնքի համար բացահայտելուն ուղղված մեր ռազմավարական գործողություններում: Մենք պատրաստակամ ենք Դուբայում գործող ընկերություններին տրամադրել այն հարթակները և աջակցությունը, որոնք նրանց անհրաժեշտ են ամուր միջազգային գործընկերություն ստեղծելու, համաշխարհային ասպարեզում մրցակցային առավելությունը բարձրացնելու և փոխադարձ տնտեսական աճը խթանելու համար»:

5J9A7670.jpg (121 KB)

Դուբայի հետ Հայաստանի ոչ նավթային առևտուրը զգալի աճ է գրանցել՝ 2023 թվականի 14.6 միլիարդ դիրհամից հասնելով 25.7 միլիարդ դիրհամի 2024 թվականին՝ արձանագրելով տպավորիչ 76% աճ։ 2025 թվականի հունիսի վերջի դրությամբ մոտ 500 հայկական բիզնես եղել է Դուբայի առևտրի պալատի ակտիվ անդամ, ընդ որում՝ 79-ը միացել է միայն 2025 թվականի առաջին կիսամյակում։

Ֆորումի ընթացքում առևտրային պալատը ներկայացրեց Դուբայի դինամիկ բիզնես միջավայրը և ընդգծեց հայկական ընկերությունների համար էմիրության մրցակցային առավելությունները: Դուբայի պալատի և «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներկայացված զեկույցներում ընդգծվեցին երկու շուկաներում առկա նշանակալի հնարավորություններն այն ընկերությունների համար, որոնք նպատակ ունեն ընդլայնել իրենց միջազգային ներկայությունը:

Դուբայի առևտրի պալատը Դուբայից Հայաստան արտահանման համար առանձնացրել է մի շարք մեծ ներուժով ոլորտներ, այդ թվում՝ էլեկտրոնային սարքավորումներ, ավտոմեքենաներ և դրանց պահեստամասեր, գեղեցկության միջոցներ, նիկել և գործվածքներ։

5J9A7532.jpg (190 KB)

Դուբայում գործող ընկերությունների կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու համար ամենահեռանկարային ոլորտներից են սպառողական ապրանքների մանրածախ առևտուրը, փոխադրման ծառայությունները, հյուրընկալության ոլորտը, ճանապարհորդությունը և զբոսաշրջությունը, սնունդն ու խմիչքը, կերամիկան և ապակին, ինչպես նաև ինֆորմացիոն և հաղորդակցային ծառայությունները և դրանց հետ կապված խորհրդատվական ծառայությունները։

Դուբայից ժամանած պատվիրակության կազմում էին Դուբայում գործող 16 ընկերության ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, կառուցապատում և շինանյութեր, էներգետիկա և վերականգնվող էներգիա, սնունդ և խմիչք, առողջապահություն և դեղագործություն, արդյունաբերական ինժեներիա, քիմիական նյութեր, առաքումներ և փոխադրումներ։