Հովհաննավանքում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լարված իրավիճակ էր առաջացել, քանի որ կարգալույծ հռչակված քահանա Տեր Արամը (Ստեփան Ասատրյան) չէր ցանկանում հանձնել եկեղեցու բանալիները այստեղ ժամանած հոգեւորականներին։ Այստեղ էին նաև ոստիկանության ծառայողներ և Օհանավանի բնակիչներ։
Ինչ–որ պահի բնակիչներից մեկը հրեց տեսախցիկը ձեռքին իր աշխատանքն իրականացնող լրագրող–օպերատորին, ասելով՝ դուրս արի եկեղեցուց։ Իրավիճակը լարվեց, սակայն ներկաները հանդարտեցրին այն։
Հիշեցնենք, որ հոգեւորականները բերել էին իրենց հետ դիվանատան գրությունը, որ հանձնեն Ստեփան Ասատրյանին։ վերջինս հայտարարեց. «Ստացել եմ ծանուցումը, բայց չեմ ընդունում իմ կարգալուծությունը, և բանալիները չեմ հանձնում։ Ես ստացել եմ Արշակ Սրբազանի նամակը, պատասխանել եմ, հիմա էլ սպասում եմ իր պատասխանին։ Ստացել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք։ Ով տվել է, տարեք տվեք իրեն, ով այս թուղթն ուղարկել է։ Ես այդ կառույցը չեմ հարգում։ Եթե վերջացրեցիք ձեր խոսքը, գնացեք էստեղից»։
Լրագրողի հարցին՝ սպառնո՞ւմ եք օծված քահանային, Ասատրյանը պատասխանեց. «Ես էլ եմ օծված, իմ օծումը ո՞վ է վերցրել։ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխա ունենալ։ Նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրել։ Կաթողիկոսը ամուսնացած է, երեխաներ ունի։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»։
Դրանից հետո նա մտավ եկեղեցի և դուռը փակեցին։
Դրսում հավաքվածները լրագրողներին հորդորում էին չխանգարել, քանի որ հարսանիքի արարողություն է ներսում. «Մի խանգարեք, սպասեք, հարսանեկան արարողությունը կվերջանա, հետո ինչ ուզում եք՝ արեք»։
Նշենք, որ Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ կիրակի Հովհաննավանքում պատարագ է մատուցելու։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել է, որ մասնակցելու է այդ պատարագին։











