Լուվրի թանգարանի հսկիչ կանանցից մեկը հավաստիացրել է, որ կողոպտիչները չեն կարողացել վերցնել այն ամենն, ինչ ցանկացել են։ Թանգարանի հինգ հսկիչ աշխատակիցներ կողոպուտի ժամանակ գտնվել են Ապոլոնի պատկերասրահում։ Ըստ հսկիչի՝ իր գործընկերներին հաջողվել է ստիպել կողոպտիչներին թողնել զարդերի մի մասը։ «Նրանք չեն վերցրել իրենց ուզած ամեն ինչ։ Կարող էր շատ ավելի վատ ավարտ ունենալ»,- ասել է նա RTL ռադիոյին, սակայն նրա անունը չի հրապարակվել։

Լուվրի աշխատակցի խոսքով՝ տեղի ժամանակով ժամը մոտ 9:30-ին, երբ այցելուները նոր էին սկսում այցելել դահլիճները, շենք են մտել չորս սաղավարտավոր ներխուժողներ, որից հետո սկսվել է տարհանումը։ «Երբ մենք սկսեցինք մարդկանց տարհանել, նրանք նոր էին սկսել կտրել [ապակին]»,- շարունակել է հսկիչ կինը։ Նա ավելացրել է, որ նրանց օգտագործած գործիքները ցույց են տալիս, որ կողոպտիչները լավ պատրաստված են եղել։

Հոկտեմբերի 19-ին Փարիզի դատախազ Լոր Բեկոն տեղեկացրել է, որ չորս հանցագործներ Լուվր են մտել ավտոամբարձիչով, որը մոտեցրել էին թանգարանի պատերին։ Ապոլոնի պատկերասրահի ցուցափեղկերը կոտրելուց հետո նրանք գողացել են ընդհանուր առմամբ ինը զարդեր, որոնցից մեկը՝ կայսրուհի Եվգենիայի (Նապոլեոն III-ի կնոջ) թագը, որը զարդարված էր 1 354 ադամանդներով, գցել են փախուստի ժամանակ։ Դատախազի խոսքով՝ քննիչները հակված են այն վարկածին, որ կողոպուտը կատարել են պրոֆեսիոնալները։ Բեկոն նշել է, որ գողացված զարդերի արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո։ Ֆրանսիական ոստիկանությունը կարողացել է հետեւել հանցագործների երթուղուն Փարիզում եւ հարակից դեպարտամենտներում, հետաքննությունը շարունակվում է։