Ադրբեջանում Քազիմագոմեդ-Ղազախ գազամուղի վրա այսօր` հունվարի 30-ին, պայթյուն է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդում է ANS PRESS գործակալությունը` նշելով, որ պայթյունը տեղի է ունեցել գազամուղի 118-րդ կիլոմետրի վրա, Գոյչայ շրջանի Գարայազը գյուղի տարածքում: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որի տարածում կասեցնելու համար գործի են դրվել երեք հրշեջ մեքենա:
Աղբյուրի հաղորդմամբ, այդ տարածքի աշխարհագրական դիրքի հետեւանքով տեխնիկայի տեղափոխումը չափազանց խնդրահարույց է, ուստի հրդեհը հանգցնելը բարդացել է: Մոտ հարյուր մետր բարձրությամբ ձգվող կրակը երեւում է տաս կիլոմետր հեռավորությունից անգամ: Ներկա պահին հրշեջները փորձում են կասեցնել կրակի հետագա տարածումը: Նշենք, որ տեղաբնիկների խոսքով, ավելի վաղ եւս այդ տարածքում գազի արտահոսք է նկատվել:




























