Իրանում, հունվարի 29-ին, Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրի հանդիսությունների սրահում Իրանում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի ազգային բանակի կազմավորման 20-րդ տարեդարձին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսությանը ներկա բազմաթիվ հյուրերի թվում են եղել Իրանի պետական, ռազմական, քաղաքական եւ հասարակական գործիչներ, ԻԻՀ մեջլիսի հայազգի պատգամավորներ, Թեհրանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի եւ միջազգային կազմակերպությունների անդամներ, ռազմական կցորդներ, արվեստի, գիտության եւ տնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի երեք թեմերի անդամներ, լրագրողներ:

Հանդիսության պաշտոնական մասն սկսվել է Հայաստանի ու ԻԻՀ պետական օրհներգների կատարումով: Որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայոց բանակի 20-ամյա ուղու մասին համառոտ զեկույց է ներկայացրել Իրանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդը:

Երեկոն ուղեկցվել է Հայաստանի ազգային բանակի 20 ամյակին նվիրված տեսաֆիլմերի ցուցադրությամբ եւ հայկական ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ: