Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից Վրաստան են առաքվել ուսումնական գրականություն եւ ուսումնաօժանադակ նյութեր՝ տեղի հայերեն ուսուցմամբ հանրային դպրոցների համար:

ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դասագրքերի տրամադրումն իրականացվել է «Սփյուռքի կրթօջախների համար դասագրքերի եւ այլ ուսումնաօժանդակ նյութերի մշակում եւ տրամադրում» պետական ծրագրի շրջանակում: Վրաստանի 13 շրջանների շուրջ 150 հայկական դպրոցներն այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, բացի այբբենարաններից եւ կից աշխատանքային տետրերից, կստանան նաեւ ուսումնամեթոդական եւ գեղարվեստական գրականություն:

Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար նախատեսված 7500 գրքերը, տետրերը, պաստառները, մեթոդական ուղեցույցներն ու գեղարվեստական գրքերը արդեն գտնվում են Ախալքալաքի շրջանի ռեսուրս-կենտրոնում, որտեղից էլ կկազմակերպվի բաշխումն ըստ դպրոցների: 

Գործընթացը նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ ստորագրված համագործակցության համաձայանագրի շրջանակում:

Հավելենք, որ  2011 թվականին Սփյուռքի դպրոցներին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից  տրամադրվել են 47 240 դասագրքեր եւ այլ ուսումնական նյութեր: