Այսօր` հունվարի 30-ին, Պերուում 6,3 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 39,2 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը` Իկ քաղաքից 15 կմ հարավ-արեւելք:
Ըստ տեղական իշխանությունների հաղորդագրության` տուժել է առնվազն 60 մարդ:
Ըստ ականատեսների` երկրաշարժը զգալի է եղել եւ ցնցում է առաջացրել Լիմայում գտնվող շենքում: Մարդիկ տագնապահար լքել են տները` հիշելով 2007 թվականի երկրաշարժը, հաղորդում է rbc-ն:
Հիշեցնենք, որ 2007 թվականին Իկ քաղաքի պերուական շրջանում 8,0 բալանոց երկրաշարժի հետեւանքով 519 մարդ է զոհվել, իսկ 1,5 հազար էլ` վնասվածքներ ստացել: Շուրջ 17 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի եւ հեռախոսային կապի:
Պերուով է անցնում Խաղաղօվկիանոսյան «հրե գոտին»` 40 հազար կմ երկարությամբ հրաբուխների եւ տեկտոնական շարժումների եզրագիծը: Այն գոտեւորում է Խաղաղ օվկիանոսը` ձգվելով Հարավային եւ Հյուսիսային Ամերիկաների ափերի երկայնքով եւ մինչեւ Ալյասկայի հարավային մասը, այնուհետեւ թեքվում է դեպի Ճապոնիա, Ֆիլիպիններ եւ Ինդոնեզիա եւ ավարտվում է Նոր Գվինեա, Նոր Զելանդիա կղզիների տարածաշրջանում եւ հարավարեւմտյան Օկեանիայում: Հենց «Հրե օղակում» էլ գտնվում է երկրագնդի հայտնի հրաբուխների մեծամասնությունը: Այնտեղ էլ տեղի է ունենում երկրագնդի երկրաշարժների 90%-ը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























