Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր` հունվարի 30-ին, «Վեդոմոստի» թերթում ընդարձակ հոդված է հրապարակել` «Մեզ պետք է նոր էկոնոմիկա» վերնագրով:

Վլ. Պուտինն առաջարկում է փոխել ռուսական տնտեսության մոդելն ու առաջնահերթությունները, մտցնել շքեղության հարկ, կրճատել պետության մասնակցությունը հումքային ընկերություններում եւ այլն: Նա նաեւ ձեւակերպել է Ռուսաստանի տնտեսության հիմնական խնդիրները. չափից ավելի կախվածություն սպառողական ապրանքների, տեխնոլոգիաների ներմուծումից, հումքի գների տատանումներից, արտահանման ոչ բարվոք կառուցվածք:

Վլ. Պուտինն թվարկել է նաեւ տնտեսության այն ճյուղերը, որոնք պետք է զարգանան առաջնահերթ կարգով. նանոտեխնոլոգիաներ, դեղագործություն, բարձրտեխնոլոգիական քիմիա, ավիացիոն եւ ատոմային արդյունաբերություն:

Ռուսաստանի վարչապետը անհրաժեշտ է համարել նաեւ ավելի թափանցիկ դարձնել հարկային ու պետական մյուս մարմինների գործունեությունը, խստացնել պայքարը ստվերայինն տնտեսության ու հարկային օֆշորների դեմ, ինչպես նաեւ նոր հարկեր մտցնել «քաղցր կյանքի» համար: «Թանկարժեք անշարժ գույքը, լյուքս ապրանքների, ալկոհոլի, ծխախոտի սպառումը, ռենտային վճարների հավաքագրումն այն ոլորտներում, որտեղ այն առայժմ նվազ է: Առաջին հերթին այն, ինչ կոչվում է հարստության նկատմամբ լրացուցիչ հարկ, իսկ ավելի ճիշտ` հեղինակավոր սպառման նկատմամբ: Հիմնական որոշումները պետք է ընդունվեն այս տարի, որպեսզի հաջորդ տարի թանկարժեք տների եւ ավտոմեքենաների սեփականատերերը վճարեն հարկերի բարձրացված դրույքներով»,- գրել է Վլ. Պուտինը: