Իրանը Եվրոպայի պատժամիջոցներին կպատասխանի տնտեսական պատժամիջոցներով եւ ինքը կսահմանափակի նավթի մատակարարումը դեպի Թեհրանին սպառնացող երկրներ: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հայտարարել է Իրանի նավթային նախարար Ռուսթամ Քաշեմին` հավելելով, որ արտահանման կրճատումը մեծ վնաս չի հասցնի Իրանի տնտեսությանը եւ դա շատ շուտ տեղի կունենա:

«Իրանական նավթն ունի իր շուկան, եթե նույնիսկ մենք կրճատենք մատակարարումները Եվրոպա»,-Քաշեմիի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելի վաղ NEWS.am–ը հաղորդել է, որ Իրանը որոշել է առաջինն ընդհատել նավթի մատակարարումը Եվրոպա, նախքան ԵՄ-ի ընդունած էմբարգոյի ուժի մեջ մտնելը: Խորհրադարանում քննարկման է առաջադրված հատուկ օրինագիծ, եւ այդ մասին  որոշումը կայացվել է հունվարի 29-ի նիստի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ արտգործնախարարների խորհուրդն Իրանի նավթի ներկրման նկատմամբ էմբարգո կիրառելու որոշում էր ընդունել: Մինչեւ հուլիսի 1-ը Եվրամիության բոլոր երկրները պետք է ամբողջովին դադարեցնեն այդ երկրից «սեւ ոսկու» ներկրումը:

Իրանական նավթի եվրոպական ներկրման հիմնական մասը` 68%-ը, բաժին է ընկնում Հունաստանին, Իտալիային եւ Իսպանիային: Հունաստանում Իրանից եկող «սեւ ոսկու» սպառման մասնաբաժինը  շուրջ 35% է կազմում:  Ըստ Financial Times-ի տվյալների` 2011 թվականին ԵՄի երկրներն Իրանից գնել են միջին հաշվով օրը 600 հազար բարել նավթ: