Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող SpaceX-ը կստանա 2 միլիարդ դոլար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Ոսկե գմբեթ» նախագծի շրջանակում հրթիռների եւ ինքնաթիռների հետեւելուն ունակ արբանյակներ մշակելու համար: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում կատարելով աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ ֆինանսավորումը ներառված է եղել Թրամփի՝ հուլիսին ստորագրված հարկերի եւ ծախսերի մասին օրինագծում, սակայն կապալառուն հրապարակայնորեն չի նշվել: Աղբյուրները նշել են, որ նախագիծը կարող է ի վերջո ներառել մինչեւ 600 արբանյակ: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնյաները դեռեւս որեւէ խոշոր պայմանագիր չեն կնքել «Ոսկե գմբեթ» նախագծի համար եւ ներկայում պլանավորում են ծախսերը: Միեւնույն ժամանակ, WSJ-ի աղբյուրները հայտնել են, որ SpaceX-ը կստանա արբանյակների մշակման համար 2 միլիարդ դոլարի պայմանագիրը:
Պենտագոնի ներկայացուցիչը մինչ այժմ հրաժարվել է մեկնաբանել SpaceX-ի մասնակցությունը: Ընկերությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանել այս հաղորդագրությունները:
Հունվարի 28-ին Թրամփը ստորագրել է «Ոսկե գմբեթ» ստեղծելու հրամանագիր: Ինչպես հաղորդել է Financial Times-ը, համակարգը նախատեսում է տիեզերքում տեղակայել լազերներով հագեցած հրթիռներ՝ միջուկային զենքը ոչնչացնելու համար: Մասնագետները նշել են, որ «Ոսկե գմբեթը» նաեւ կլուծի հիպերձայնային համակարգերի սպառնալիքների հարցը: Հյուսիսամերիկյան ավիատիեզերական պաշտպանության հրամանատարության ղեկավար, գեներալ Գրեգորի Գիյոյի խոսքով՝ «Ոսկե գմբեթի» հնարավորությունները կներառեն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հակազդումը եւ օդային թիրախների ու թեւավոր հրթիռների խոցումը:




























