Գործընթացը իր բնականոն հունով գնում է. ես վերջերս նաև ամերիկյան իմ այցից հրապարակել էի որոշակի տեղեկատվություն դրա մասին, մենք ընթացիկ տարում սպասում ենք դաշտային համազգեստի առաջին փորձանմուշներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով բանակի նոր համազգեստին։
«Խոսքը մի քանի հազար փորձանմուշի մասին է, որը պիտի հետագայում արդեն անցնի զորային փորձարկում, դաշտային փորձարկում։ Դրանից հետո արդեն մենք կունենանք գնման գործընթաց և ամբողջ բանակի համազգեստի փոփոխություն»,–ասաց նա։
Հարցին՝ կա՞ պայմանավորվածություն Միացյալ Նահանգների հետ զենքի, զինամթերքի հետ կապված պայմանագրերի ստորագրում և ընդհանրապես ռազմական աջակցություն Հայաստանին, Պապիկյանը պատասխանեց. «Ես չեմ կարող խոսել ինչ-որ պայմանավորվածությունների մասին, բայց կարող եմ ասել, որ բավականին դրական դինամիկա կա մեր համագործակցության զարգացման ուղղությամբ։ Այլ բան չեմ ասի»։











