«Ադրբեջանում հարցնում են, թե ինչու են Հայաստանի խորհրդարանում կախված Լեռնային Ղարաբաղի դրոշները և ասում են. «դե որ տենց է, մենք էլ Սևանին կասենք «Գյոյչա»։» Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի - 2025» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստեղ էլ ասում են դե որ ասում են Գյոյչա, եկեք ասենք Գանձակ, եկեք ասենք Կովսական, եկեք ասենք Քաշաթաղ։ Իրենք ասում են՝ դե տեսեք, ասացին Ջրական, եկեք ասենք՝ Երևանը հին ադրբեջանական քաղաք է։ Սա սխալ ճանապարհ է», - հավելել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե նայենք ցարական Ռուսաստանի քարտեզներին, այնտեղ Սևան գոյություն չունի, այլ կա այլ անվանում։ «Պետք է պարզել, թե ինչ է ասել Ալիևը, մենք պետք է ընտրություն կատարենք։ Ինչ վերաբերում է վերադարձի թեմային՝ պատմական հայրենիքի կոնտեքստում, դա շատ վտանգավոր բան է։ Ո՞ր թվականից է սկսվում պատմական հայրենիքը։ Օրինակ, մ.թ.ա. 70-ական թվականները կարո՞ղ են լինել մեկնակետ, թե՞ ոչ։ Մեկն ասում է, որ պատմության ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվականի մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածն է, և նրանք կարող են դա հիմնավորել։ Մյուս կողմն ասում է, որ պետք է վերադառնալ 500 տարի առաջ», - ընդգծել է Հայաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Երևանը ի վիճակի է ստանձնել քաղաքական առաջնորդությունը։ «Եթե որևէ մեկը հրաժարվում է կամ կհրաժարվի, թող ուղղակիորեն ասի դա. ակնարկների կարիք չկա», - եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ալիևը Սևանն անվանել է «Գյոյչա» և հայտարարել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման անհրաժեշտության մասին։

Պետք է նշել, որ Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է Սևանա լճի համար հորինված անվանումը օգտագործել մի քանի տասնամյակ առաջ՝ դեռևս Հայաստանի խորհրդարանի դահլիճում Ղարաբաղի դրոշների հայտնվելուց շատ ավելի վաղ։