Ադրբեջանում  միասնական կարծիք չկա։ Մոտեցումները տարբեր են։ Այս մասին նոյեմբերի 4-ին Երևանում «Օրբելի – 2025» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կարնեգիի Բեռլինի կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիևը։

Լրատվամիջոցների ներկայացուցիչները, մասնավորապես, հետաքրքրվել են, թե ինչպե՞ս են Ադրբեջանում վերաբերվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, նրա տարածքով անցնելուն և էթնիկ հայերի հետ փոխգործակցությանը։ «Դրանք (մոտեցումները) և՛ դրական են, և՛ բացասական։ Առայժմ պահպանվում են էմոցիոնալ բաղադրիչը և բացասական հիշողությունները, որոնք առնչվում են հակամարտությանը։ Դրանք բավականին խորն են։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի մենք կարողանանք առաջ շարժվել։ Միևնույն ժամանակ, մենք տեսնում ենք, որ շատերը դրական են տրամադրված այդ կոնտակտների նկատմամբ։ Մեզ, օրինակ, Հայրենիք վերադառնալուց հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, անշուշտ, հարցեր կտան Հայաստանում գտնվելու մասին։ Նրանց հետաքրքիր է դա։ Նրանք ցանկանում են տեղեկություն ստանալ։ Երկու կողմերի համար էլ սա միմյանց հետ ծանոթանալու մի որոշակի ժամանակաշրջան է։ Հաջորդ անգամ, երբ արդեն հայ փորձագետները այցելեն իմ երկիր, կարծում եմ, նույնը տեղի կունենա», - ասել է Շիրիևը։