Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է, որ Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 22 մարդ, տուժածների թիվը հասել է 860-ի, հայտնել է կազմակերպության խոսնակ Քրիստիան Լինդմայերը։

«Ըստ մեր վերջին տվյալների՝ Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 22 մարդ է զոհվել, 860-ը՝ վիրավորվել», - ասել է նա Ժնևում լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ ԱՀԿ-ի տվյալներով՝ նրանցից 400-ը տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ, որոնց մի մասը փլուզվել է տարերքի հարվածի պատճառով։ Լինդմայերի խոսքով՝ տարածաշրջանում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները և զոհերի թիվը կարող է ավելանալ։

Ավելի վաղ TOLOnews հեռուստաալիքը հայտնել էր 27 զոհի և 830 վիրավորի մասին։

Նոյեմբերի 3-ի գիշերը Աֆղանստանի հյուսիսում գտնվող Բաղլան, Բալխ, Քունդուզ, Սամանգան և Սարի-Փուլ նահանգներում կործանարար երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զգալի վնաս է հասցվել շենքերին և ենթակառուցվածքային օբյեկտներին։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մազարի Շարիֆ քաղաքից 37 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է շուրջ 523 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։