Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը դեռևս չի առաջադրվել հաջորդ ընտրություններում ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար։
«Դեռ ոչ, չեմ առաջադրվել։ Ժամկետը մինչև նոյեմբերի 30-ն է, ես կքննարկեմ իմ գործընկերների հետ, որոշում կկայացնեմ, գաղտնի որևէ բան չկա»,–ասաց նա ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
«Եթե առաջադրվեմ, տեղյակ կլինեք։ Ես կուսակցության անդամ եմ՝ անկախ նրանից, թե հաջորդ ընտրություններում կառաջադրվեմ կուսակցության ցուցակում, թե ոչ։ Ես այսօր առավոտյան եմ վերադարձել Հայաստան, նույնիսկ այստեղ չեմ եղել, որ ուսումնասիրեմ՝ ինչ փաստաթղթեր են պետք առաջադրվելու համար»,– ասաց նախարարը՝ ընդգծելով, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունները տեղի են ունենալու 2026-ի հունիսի 7-ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրել էր, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար:





























