Ես կարծում եմ, որ հայ եկեղեցում ամեն մի մարդ, որ հոգևոր չէ, պիտի հեռանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հաղարծինի վանքի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով Վեհափառ Հայրապետը պետք է հեռանա՞ վեհարանից։
Նշենք, որ Տեր Տարոնը մասնակցել է Հովհաննավանքում կեղծ պատարագին։
Հարցին՝ ինքն իրեն հոգեւոր համարո՞ւմ է, նա պատասխանեց. «Դա ժողովուրդը կարող է գնահատել, դա Աստված կարող է համարել, ժողովուրդը կարող է համարել, ես ով եմ, որ դա համարեմ։ Կան հարցեր, որոնց պատասխանը միայն Աստված գիտի, հիմա դուք ինձ այնպիսի մի հարց եք տալիս, որ ես դրա մասին կիմանամ դրախտի և դժոխքի աշխարհբաժանի ժամանակ։
Ինչ վերաբերում է նրան, թե ես Թալինում պատարագին կմասնակցեմ, թե չեմ մասնակցի, դա դեռ կորոշվի։
Հարցին՝ ձեզ որևէ բան խոստացե՞լ են Մայր Աթոռի դեմ դուրս գալու համար, Տեր Տարոնն արձագանքեց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, որ Աստծուն կվաճառեմ որևէ բանով։ Ես այդպես չեմ կարծում»։
Ինչ վերաբերում է նրան, որ իր ծառայության վայրը Հաղարծինի եկեղեցին է, բայց ինքը կիրակի եղել է Հովհաննավանքում, նա նշեց. «Ես ունեցել եմ արձակուրդ իմ առաջնորդից՝ Բագրատ Սրբազանից անժամկետ։ Սրբազանին հայտնի են իմ անձնական խնդիրները և այդ խնդիրները լուծելու համար Սրբազանը ինձ անժամկետ արձակուրդ է տվել։
Ինչ վերաբերում է իշխանությունից որևէ ակնկալիքին կամ իշխանության որևէ հրահանգին, ես շարժվում եմ իմ համոզումներով և ինձ համար կա մի թագավոր, մի տեր, դա Հիսուս Քրիստոսն է, ով որ ինձ ասում է՝ ես ինչ անեմ, ինչ չանեմ։ Մնացածը, ովքեր ինձ ինչ-որ բան կասեն կամ չեն ասի, դա չի նշանակում որ ինչ-որ մեկն ինձ ուղղորդում է։
Աստված ինձ այնքան միտք է տվել, որպեսզի ես կարողանամ ինքս իմ որոշումները կայացնել։ Ամեն մարդ էլ սխալական է, ես էլ կարող եմ սխալներ գործել, բայց ես չեմ վախենում իմ սխալը բարձրաձայնելու, ներողություն խնդրելու, իմ ժողովրդից, բոլորից և դրա համար ապաշխարելու»։





























