Ազգային ինքնորոշում միավորումը միայնակ է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր` հունվարի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Վերջինս խիստ հիասթափված է հայաստանյան կուսակցություններից, քանի որ «կուսակցությունների հիմնական մասի համար մարդու իրավունքներն առաջնային չեն»:

«Մեզ համար միշտ էլ առաջնային են եղել ծրագրերն ու դրանք կյանքի կոչելու պատրաստակամությունը: Անսալով բազմաթիվ քաղաքացիների կոչերին, ԱԻՄ-ը իր ողջ ներուժով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին»,- նշել է Հայրիկյանը` հավելելով, թե իրենց համար իդեալական կլիներ 51 տոկոս հավաքելը, սակայն դա հնարավոր է միայն դաշինքով մասնակցելու դեպքում, իսկ կուսակցությունները չեն արձագանքել իր առաջարկած կատարյալ ժողովրդավարական մոդելին:

ԱԻՄ առաջնորդը նաեւ հրաժարվել է մեկնաբանել ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը` այն համարելով այդ ուժերի իրավունքը: Հայրիկյանը նաեւ առիթը բաց չի թողել քննադատելու ավանդական երեք կուսակցություններին եւ ասել է, որ այդ կուսակցություններն ապրում են 100-ամյա հերոսական սխրագործություններով: «Նրանք պետք է ձեռքբերումներ ունենան, որոնք ես չեմ տեսնում»,- նշել է Հայրիկյանը: