Ենթադրում եմ, որ ինչ-որ պահի կլիներ նաև ամերիկյան պատվիրակության այցեր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակներում ամերիկյան պատվիրակության այցեր սպասվում են։

«Չգիտեմ՝ կոնկրետ ֆորմալ առումով աշխատանքային երկկողմ խմբի կարիք կա, թե չկա։ Եթե լինի՝ կձևավորվի։ Քննարկումը կա։ «Թրամփի ուղու» շրջանակը կարող է ներառել տարբեր ենթակառուցվածքներ»,–ասաց նա։

Հարցին՝ արդեն հստա՞կ է այդ շրջանակը, ԱԳ նախարարը պատասխանեց. «Հստակ է, որ կարող է լինել երկաթուղի, կարող են լինել գազամուղ, նավթամուղ, էլեկտրական հոսանքի գծեր, այդ բոլորը կարող են քննարկվել»։

Ինչ վերաբերում է նրան, որ «Թրամփի ուղի» ծրագրում նշվում է, որ կոնսորցիումն ընդգրկելու է նաև երրորդ կողմի, արդեն հայտնի՞ է, թե որն է երրորդ կողմը, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Երրորդ կողմ ասելով այս կոնտեքստում, նկատի չունենք երկիր, կառավարություն։ Մենք նկատի ունենք, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները կհիմնադրեն ընկերություն, որը կունենա այդ կառուցապատման իրավունքը։ Եվ երևի, դա էլ փաստ չի, շինարարությունը կարտապատվիրակվի ինչ-որ շինարարական ընկերության։ Գուցե գնացքի սպասարկումը կլինի նույն ընկերությունը, կլինի այլ ընկերություն։ Կլինեն տենդերներ, այսինքն բնական տնտեսական ինչ-որ սելեկցիայի պրոցես կլինի՝ տնտեսական շարժառիթներով։ Այդպես չնայենք հարցին՝ Հայաստան-Ամերիկա և երրորդ կողմ»։