Իրանը պետք է «լրջորեն բարելավի» համագործակցությունը ՄԱԿ-ի տեսուչների հետ, որպեսզի խուսափի Արևմուտքի հետ լարվածության աճից։ Այս մասին «Financial Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին։

Գրոսին Financial Times-ին (FT) պատմել է, որ թեև ԱԷՄԳ-ն Իրանում շուրջ մեկ տասնյակ ստուգումներ է անցկացրել Իսրայելի հետ հունիսյան ռազմական գործողություններից հետո, սակայն իրեն թույլ չի տրվել մուտք գործել այնպիսի միջուկային օբյեկտներ, ինչպիսիք են Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը, որոնք ռմբակոծվել են Միացյալ Նահանգների կողմից։

Հոկտեմբերին Գրոսին հայտարարել էր, որ շարժ է հայտնաբերվել հարստացված ուրանի իրանական պաշարների մոտ, սակայն դա «չի նշանակում, որ այնտեղ հարստացման գործունեություն է իրականացվում»։

Գրոսին Financial Times-ին ասել է, որ թեև գործակալությունը փորձում է ըմբռնումով մոտենալ Իրանի հետ ունեցած «բարդ» հարաբերություններին, այնուամենայնիվ երկիրը, միևնույն է, պետք է պահպանի պահանջները։

«Դուք չեք կարող ասել՝ «Ես մնում եմ միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակներում», իսկ հետո չկատարել պարտավորությունները», - ասել է Գրոսին։

«Դուք չեք կարող ակնկալել, որ ԱԷՄԳ-ն ասի՝ «Լավ, քանի որ պատերազմ է եղել, դուք այլ կատեգորիայի եք պատկանում»... Հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ զեկուցել, որ կորցրել եմ ցանկացած կապ այդ նյութի հետ»,- հավելել է նա։