Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը կգնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այս մասին այսօր` հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Նրա խոսքով, ինքը նամակ է ստացել Վարդան Ղուկասյանից, որում վերջինս նշել է. «Տեղեկացնում եմ, որ Ղուկասյանների ընտանիքը պատրաստ է Թիֆլիսում գտնվող Հովհ. Թումանյանի տունը գնելու նպատակով տրամադրել անհրաժեշտ գումարը»:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Թումանյանի տուն-թանգարանը գնելու է ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, սակայն ավելի ուշ այդ տեղեկությունները հերքվեցին:
Նշենք, որ Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ մի խումբ մտավորականներ հունվարի 19-ին մեկնել են Թբիլիսի`պարզաբանելու Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի վաճառքի հետ կապված խնդիրները:
Թբիլիսիից վերադառնալով, Լեւոն Անանյանը հայտարարել է, որ Թումանյանի տան սեփականատերը ազնիվ երիտասարդ է, որը պատրաստ է հայկական կողմից վաճառել տունը, եթե իր համար նույն թաղամասում տուն գտնեն:
Հետագայում հայտարարվեց, որ արդեն կա հայ գնորդ, որը պատրաստ է տունը գնելուց հետո նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին` հետագայում մշակութային կենտրոնի վերածելու պայմանով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Թբիլիսիի հայ համայնքի տարածած հաղորդագրությունում ասվում էր, որ 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությունը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով՝ «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն–թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել:



























