Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հանձնարարականով հանձնաժողով է ստեղծվել, որ պետք է ուսումնասիրի նշագեղձերի հեռացման վիրահատությունից հետո հունվարի 28-ին 5-ամյա Միլենա Մարտիրոսյանի մահվան դեպքը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հրազդան քաղաքում 5-ամյա աղջնակ է մահացել նշագեղձերի հեռացման վիրահատությունից մեկ օր անց: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, եւ ոստիկանները պետք է պարզեն, թե ով է մեղավոր երեխայի մահվան համար, ծնողնե՞րը, թե՞ բժիշկները:

NEWS.am-ի տեղեկություններով, Միլենա Մարտիրոսյանի վիրահատությունը տեղի էր ունեցել հունվարի 26-ին, եւ հաջորդ օրը նրան դուրս են գրել: Հունվարի 28-ին փոքրիկի առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվում փրկել նրան:

Ի դեպ, երեխայի ծնողների եւ բժիշկների միջեւ նաեւ բախում է եղել, որը կանխել են դեպքի վայր ժամանած իրավապահները: