Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում երկու երկրի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված խաղաղության համաձայնագրերի իրականացմանը։ Դրա մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

 «Հատուկ ներկայացուցիչը հայտնել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Վաշինգտոնի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված հաջողություններին»,- ասվում է հայտարարության մեջ։

Բայրամովը Գրոնոյին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման առաջընթացը և խաղաղության գործընթացի հեռանկարները՝ ներկայացնելով Բաքվի դիրքորոշումն այս հարցում։

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ անվտանգության ոլորտներում։

«Ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության հարթակների և գործիքների շուրջ բանակցությունների կարևորությունը, գոհունակություն է հայտնվել երկու կողմի միջև բարձր մակարդակի շփումներից և ընդգծվել է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։