Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը Լեւոն Զուրաբյանի եւ «Հանրապետություն» կուսակցություն նախագահ Արամ Սարգսյանի միջեւ ընտրության դեպքում, ՀԱԿ-ի ցուցակի երրորդ տեղում կցանկանար տեսնել Արամ Սարգսյանին: Այս մասին նա հայտարարել է այսօր` հունվարի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Հիշեցենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, ՀԱԿ-ի ընտրական ցուցակը գլխավորելու է Լեւոն Տեր-Պետրոսյանն է, իսկ երկորդ տեղում լինելու է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Այդուհանդերձ, Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ՀԱԿ-ում դեռեւս ցուցակների հարցը չի քննարկվել: Նա հավաստիացեց, որ ՀԺԿ-ն դժգոհ չէ ընտրություններին դաշինքով գնալու ՀԱԿ-ի որոշումից: Նա նշեց, որ իր համար անընդունելի է, որ հասարակության կողմից չընդունված մարդն ընդգրկվի ցուցակում, համոզմունք հայտնելով, որ իրենց ցուցակում նման մարդիկ չկան:
Ասուլիսին հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ, անդրադառնալով նոր ձեւավորվող խորհրդարանի կազմին, նշեց, որ ընտրություններից հետո խորհրդարանում կլինեն նոր դեմքեր, նոր մոտեցումներ: Նա հավաստիացրեց, որ ե’ւ համամասնական, ե’ւ մեծամասնական ընտրակարգով ընտրվածների մեջ հիմնականում քաղաքական գործիչներ են լինելու:
Մկրտիչ Մինասյանի խոսքով, իշխանություններն ամեն ինչ անելու են, որ ընտրությունները չլինեն վիճահարույց: «ՀՀԿ-ն քայլեր արել է, անելու է եւ հաղթելու է»,- ասաց նա:
Գրիգոր Հարությունյանն էլ նշեց, որ իրենք եւս ընտրություններին գնում են վճռական եւ հաղթելու են: Վերջում երկու կողմերն էլ ձեռք սեղմեցին, բայց յուրաքանչյուրը մնաց այն համոզման, որ իրենք են հաղթելու: Ի դեպ, Գրիգոր Հարությունյանը Մկրտիչ Մինասյանին հարցրեց, թե Հայաստանում, ըստ իրեն 1 միլիոն 600 հազար ընտրող կա՞, վերջինս էլ պատասխանեց, թե ընտրողների թիվը 2.5 միլիոն է: Այս պատասխանը հիմք ընդունելով Գրիգոր Հաությունյանը նկատեց, որ ընտրությունները դեռ չսկսած, ՀՀԿ-ն պատրաստվում է 500-600 հազար ձայն կեղծել:



























