Ռուսաստանի Տյումենի շրջանի Յալուտորովյան միջշրջանային դատախազությունը հունվարի 16-ին Հայաստանի քաղաքացուհու դեմ մեղադրական արձանագրությամբ քրեական գործն ուղարկել է դատարան:
Հետաքննչական մարմինները երիտասարդ կնոջ գործողությունները որակել են ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` մեքենայություն, այսինքն` խաբեության միջոցով ուրիշի գույքի հափշտակում: Հոդվածը մինչեւ 2 տարվա ազատազրկում է նախատեսում:
Ինչպես NewsProm.Ru-ին հստակեցրել է դատախազի օգնական, արդարադատության կրտսեր խորհրդական Կ.Վ. Զայցեւը, 2011թ. դեկտեմբերի 2-ին «Հայկական խոհանոց» սրճարան է այցելել երիտասարդների մի խումբ, ովքեր ոգելից խմիչքներ են օգտագործել:
Գիշերվա ժամը 01.00-ի սահմաններում խմիչքը վերջացել է, եւ երիտասարդ կանանցից մեկը, մոտենալով բարին, պատվիրել է ալկոհոլային խմիչքներ եւ նախուտեստ, որից հետո սրճարանի բարմենին տվել է կաղծ թղթադրամ` «5000 բանկային անեկդոտներ մակագրությամբ», որը չի համարվում վճարային միջոց, եւ ստացել է 1200 ռուբլու պատվիրած խմիչքն ու նախուտեստը, ինչպես նաեւ 3800 ռուբլի մնացորդը:
Այդպիսով, սրճարանի բարմենին մոլորեցնելով, երիտասարդ կինը «Հայկական խոհանոց» սրճարանին հասցրել է 5000 ռուբլու վնաս: Հետաքննության ընթացքում նյութական վնասը հատուցվել է:
Թղթադրամի մակագրությունից ելնելով` դա ընդամենը կատակ էր, սակայն բարմենը դա չի հասկացել, իսկ օրինապահ մարմիններն էլ չեն գնահատել:



























