Թեհրան-Երեւան ուղեւորատար ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհերից մոտ 40-ը ազգությամբ հայեր են, այդ թվում Հայաստանի քաղաքացիներ ու իրանահայեր: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Իրանում լույս տեսնող հայալեզու «Ալիք» օրաթերթի թղթակից Կարինե Դավթյանը։ Թեւեւ մենք զոհերի անվանացանկ ունենք, սակայն ուզում ենք նախ հստակեցնել այդ ցանկը, նոր միայն հաղորդել",- նշեց նա, հավելելով, որ զոհերից մեծ մասը իրանցիներ են:

Հիշեցնենք, որ այսօր, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, ըստ Իրանի հանրային հեռուստատեսության, եղել են 169 մարդ, այդ թվում 16 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը:

Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Ըստ նախնական տվյալների, բոլոր ուղեւորները զոհվել են: Օդանավում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ:

Արդեն նշել ենք, որ օդանավում եղել են Վրաստանի 2 քաղաքացիներ, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը դեռ չի ճշտել, թե արդյոք օդանավում եղել են նաեւ ՌԴ քաղաքացիներ;