Ռուսաստանը մտադիր չէ Սիրիայի նախագահին համոզել, որպեսզի նա հրաժարական տա: Այս մասին Սիդնեյում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանի քաղաքականության սկզբունքներից չի բխում ինչ-որ մեկին հրաժարականի դրդելը: Վարչակարգերի փոփոխությունը մեր մասնագիտացումը չէ»,-ավստրալական ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա:

Միաժամանակ Լավրովը ժխտել է այն կարծիքը, թե Ռուսաստանն, ինչ էլ որ լինի, աջակցում է Ասադին: «Մենք Ասադի ընկերները եւ դաշնակիցները չենք», - նշել է նախարարը:

Հիշեցնենք, որ Արաբական պետությունների լիգան Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձեւ է ներկայացրել, որտեղ Ասադին առաջարկվում է հրաժարական տալ: Ռուսաստանը դեմ է տվյալ բանաձեւին, կարծելով, որ  այն միակողմանի բնույթ է կրում: Իր կողմից այն Սիրիայի իշխանություններին եւ ընդդիմությանն առաջարկել է բանակցություններ վարել Մոսկվայում, եւ Դամասկոսի պաշտոնական համաձայնությունն է ստացել: Սակայն Սիրիայի ընդդիմադիր ազգային խորհուրդը հայտարարել է, որ Ասադի հետ ոչ մի բանակցություններ չի վարի: