Եվրամիությունը խստացրել է շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին, հայտարարել է Եվրահանձնաժողովը։

«Այս պահից սկսած՝ Ռուսաստանի քաղաքացիներն այլեւս չեն կարողանա ստանալ մուլտիվիզաներ։ Նշանակում է՝ նրանք ստիպված կլինեն դիմել նոր վիզայի համար ամեն անգամ, երբ պլանավորում են մեկնել ԵՄ, ինչը թույլ կտա դիմորդների մանրակրկիտ եւ հաճախակի ստուգումներ անցկացնել՝ անվտանգության հնարավոր ռիսկերը մեղմելու համար»,- նշվել է գերատեսչության կայքում։

Նոր կանոնների համաձայն՝ մուլտիվիզաների արգելքը վերաբերում է միայն Ռուսաստանի տարածքում քաղաքացիների կողմից ներկայացված դիմումներին։

Մեկ տարվա բազմակի մուտքի շենգենյան վիզաները կշարունակեն տրամադրվել ԵՄ քաղաքացիների կամ Եվրամիությունում օրինական բնակվող ռուսների մերձավոր ազգականներին, եթե դիմորդը վերջին երկու տարիների ընթացքում արդեն ստացել է երեք շենգենյան վիզա։

Բացի այդ, ինը ամսվա մուլտիվիզաները հասանելի կլինեն տրանսպորտի ոլորտի աշխատողներին (նավաստիներ, բեռնատարների եւ ավտոբուսների վարորդներ եւ երկաթուղայիններ), եթե նրանք վերջին երկու տարիների ընթացքում արդեն ունեցել են երկու շենգենյան վիզա։ Եվրահանձնաժողովը նաեւ թույլատրել է, որ որոշ դեպքերում արգելքից կարող են անհատական ​​բացառություններ արվել, օրինակ՝ անկախ լրագրողների եւ մարդու իրավունքների պաշտպանների համար։