Ռուսաստանում միջազգային փոխադրումներ իրականացնող ղազախ վարորդների համար իննսուն օր մնալու սահմանափակումների վերացումը կարևոր քայլ է դարձել երկու երկրի միջև երկկողմ համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր Ղազախստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Ժանար Գաբդուլինան:
«Մեզ համար կարևոր էր այս հարցը հնարավորինս արագ լուծել, քանի որ նման սահմանափակումներն ազդում են ոչ միայն առևտրի, այլև մարդկանց միջև հարաբերությունների վրա: Ռուսաստանը և Ղազախստանը սերտորեն կապված են ոչ միայն տնտեսապես, այլև աշխարհագրորեն, ուստի մեր երկրների միջև կայուն հաղորդակցության ապահովումն առաջնահերթություն էր»,- նշել է Գաբդուլինան: Նա հավելել է, որ որոշումը հնարավոր է դարձել դիվանագիտական գերատեսչությունների արդյունավետ աշխատանքի և երկու կողմերի՝ կառուցողական երկխոսության պատրաստակամության շնորհիվ:
Նշենք, որ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանում վարորդների մնալու սահմանափակումների հարցը նախկինում մտահոգություններ էր առաջացրել Հայաստանում: Հոկտեմբերին Երևանում բեռնատարների վարորդները բողոքի ակցիա անցկացրեցին՝ պնդելով, որ նոր կանոնը կարող է բարդացնել ապրանքների ներմուծումը նախաամանորյա ժամանակահատվածում: Նրանք օրինակ էին բերում Ղազախստանը, որը հաջողությամբ չեղարկեց համապատասխան կարգավորումն իր քաղաքացիների համար։
Խոսելով Հայաստանի հետ համագործակցության զարգացման մասին՝ փորձագետն ընդգծեց, որ Ղազախստանը մտադիր է ավելի խորացնել տնտեսական և ռազմավարական կապերը: «Գտնվելով Եվրասիայի կենտրոնում՝ Հայաստանը մեզ համար կարևոր տարանցիկ հանգույց է, որը ապահովում է Ղազախստանի և Եվրոպայի միջև առևտրի ավելի կարճ լոգիստիկ ճանապարհ: Առաջիկա շաբաթներին կիրականացվի Ղազախստանից Հայաստան հացահատիկի առաջին առաքումը, ինչը կհաստատի մեր հարաբերությունների ամրապնդումը»,- ասաց նա։
Միևնույն ժամանակ, Գաբդուլինան ընդգծեց, որ Ղազախստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է վստահության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա: «Մենք ակտիվորեն աշխատում ենք համագործակցության զարգացման ուղղությամբ և աջակցում մեր գործընկերության ամրապնդմանն ուղղված որոշումներին: Մեր բոլոր քայլերը հիմնված են փոխըմբռնման և մեր գործընկերների ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- նշեց նա։
Տարածաշրջանային կայունության թեմային անդրադառնալով՝ վերլուծական կենտրոնի ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ու բարիդրացիական հարաբերությունները կարևոր նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար։ «Եթե տարածաշրջանում խաղաղություն լինի, դա դրական ազդեցություն կունենա ամբողջ մայրցամաքի կայունության վրա։ Մենք ողջունում ենք հայկական և ադրբեջանական կողմերի ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հասնելուն, և հույս ունենք, որ ձեռք բերված պայմանավորվածությունները լիովին կիրականացվեն»,- ասաց Գաբդուլինան։
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանելով՝ փորձագետը նշեց, որ Ղազախստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ «Կազմակերպությունում որևէ երկրի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում երկկողմ հարաբերությունների վրա։ Նման կառույցներին մասնակցությունը որոշվում է բացառապես յուրաքանչյուր պետության ազգային շահերով»,- եզրափակեց Գաբդուլինան։





























