Այսօր` հունվարի 31-ին, «Կոստա Կոնկորդիա» սուզված զբոսանավի վրա դադարեցվել են  որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Ֆրանկո Գաբրիելին:

Ըստ նրա` նման որոշում է կայացվել նավակայմի «ձեւափոխման» պատճառով, որն առաջացել է միկրոպայթյունների հետեւանքով: Վերջինները մասնագետներն իրականացրել են այն բանի համար, որպեսզի սուզորդների համար կարողանան ելք բացել դեպի զբոսանավի սուզված մասերը: Նա նշել է, որ որոնողական աշխատանքներն իրականացնելու պայմանները վտանգ կարող են ներկայացնել փրկարարների համար:

Սակայն զոհվածների մարմինների որոնումները կշարունակվեն նավաբեկության վայրից 18 կմ հեռավորության սահմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 «Կոստա Կոնկորդիա» զբոսանավը նավաբեկության էր ենթարկվել հունվարի 14-ի գիշերը` Տիրենեյան ծովում, Իտալիայի Տոսկանա նահանգին ափամերձ Ջիլյո կղզու շրջակայքում: Նավի վրա գտնվել է 4,2 հազար մարդ: Ներկա պահի դրությամբ հայտնաբերվել են 17 զոհվածների մարմիններ, եւս 20 մարդ առայժմ համարվում է անհետ կորած: