Ռուսաստանը դեռևս ակտիվ դերակատարում չունի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում ԱՄՆ-ի կողմից մշակված TRIPP («Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») մասշտաբային ենթակառուցվածքային ծրագրում։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Վիկտորյա Ժուրավլյովան։

«Ծրագիրն ամբողջությամբ ամերիկյան է և ուղղված է ԱՄՆ-ի տնտեսական շահերի ապահովմանը, ներառյալ հազվագյուտ հողային մետաղների և էներգետիկ ռեսուրսների հասանելիությունը։ Ռուսաստանի համար դա առայժմ մարտահրավեր է, բայց միաժամանակ նաև հնարավորություն՝ տարածաշրջանում տնտեսական փոխգործակցությանը մասնակցելու համար, եթե հաջողվի ծրագիրը ինտեգրել սեփական ռազմավարության մեջ», – նշել է Ժուրավլյովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան կարող է միանալ նախաձեռնությանը՝ ցույց տալով Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ համագործակցելու պատրաստակամությունը պրագմատիկ տնտեսական հիմքի վրա։

Փորձագետը նաև մատնանշել է, որ միջնորդի դերում Վաշինգտոնի ընտրությունը կապված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձի և չինական մրցակցության ֆոնին տարածաշրջանում ամերիկյան վարչակազմի ազդեցությունն ամրապնդելու ձգտման հետ։ «Ռուսաստանն այժմ ունի սահմանափակ ռեսուրսներ, սակայն դա ժամանակավոր վիճակ է։ Մոսկվան կձգտի վերականգնել իր ներկայությունը և ուժեղացնել ակտիվությունը՝ մասնակցություն ունենալով ձևավորվող տնտեսական տարածքում», – հավելել է նա։

Ժուրավլյովայի խոսքով՝ վերջին տարիներին հայկական ղեկավարության հռետորաբանությունը Մոսկվայի նկատմամբ ավելի կշռադատված է դարձել։ «Եթե համեմատենք երկու տարի առաջվա իրավիճակի հետ, ապա այժմ Հայաստանի վարչապետը Ռուսաստանին դիտարկում է որպես տնտեսական փոխգործակցության հնարավոր գործընկեր և դա կարող է դրական դեր խաղալ», – ընդգծել է նա։

Մեկնաբանելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները՝ փորձագետը նշել է, որ Մոսկվան չեզոք ուղղվածություն է պահպանում և ձգտում է դիվերսիֆիկացնել տարածաշրջանային շփումները։ «Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի հետ, հարաբերությունները զարգանում են ալիքաձև՝ սառեցման և վերականգնման շրջաններով։ Սա արտացոլում է տարածաշրջանային քաղաքականության ընդհանուր դինամիկան։ Ռուսաստանը շահագրգռված է բոլոր կողմերի հետ տնտեսապես շահավետ կապերի ձևավորմամբ», – եզրակացրել է Ժուրավլյովան։