Ամերիկյան US Steel ընկերությունը Սմեդերեւոյի (Բելգրադից 60 կմ հեռու) մետաղագործական գործարանը Սերբիայի կառավարությանը վաճառել է խորհրդանշական 1 դոլար գնով:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Սերբիայի վարչապետ Միրկո Ցվետկովիչը եւ US Steel-ի Եվրոպայում գործարքների գծով նախագահ Դեւիդ Ռինտուլը: Ցվետկովիչի խոսքով` գործարքն իրականացվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով, որպեսզի խուսափեն այն փակելուց եւ պահպանեն 5,4 հազար մարդկանց աշխատատեղերը, գրում է Associated Press-ը:

US Steel-ը Սմեդերեւոյի գործարանը գնել է 2003թ.: Ընկերությունը արտադրության մեջ միլիոնավոր դոլարներ է ներդրել` գործարանը դարձնելով բալկանյան երկրի խոշորագույն արտահանողը: 2010թ. երկրի արտահանման ծավալների 10%-ը   հենց այդ գործարանին էր բաժին հասնում:

Համաշխարհային տնտեսական անկման պատճառով ձեռնարկությունը սկսեց կորուստներ կրել: Նախորդ տարվա առաջին ինն ամիսներին այն նախատեսվածից շատ ավելի քիչ արտադրանք էր տվել, իսկ ֆինանսական կորուստները կազմել էին 73 մլն դոլար:

Սերբիան ակնկալում է գործարանի վերակառուցում իրականացնել, այնուհետեւ կրկին վաճառել: Reuters-ի տեղեկացմամբ` գնորդների դերում կարող են հայտնվել Ուկրաինայի, Ռուսաստանի եւ Արեւելյան Ասիայի մետաղագործական ընկերությունները: