Չնայած կոշտ քննադատությանը Ռուսաստանի հետ սերտ կապերի համար՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության մի քանի պատգամավորներ ծրագրում են ուղեւորվել Սոչի։
Süddeutsche Zeitung-ի տվյալներով՝ խոսքը Բունդեսթագի անդամներ Ռայներ Ռոթֆուսի եւ Շթեֆեն Կոտրի, Եվրախորհրդարանի պատգամավոր Հանս Նոյհոֆի եւ կուսակցության սաքսոնյան բաժանմունքի ղեկավար Յորգ Ուրբանի մասին է։
Նրանք մտադիր են մասնակցել «ԲՐԻԿՍ-Եվրոպա» միջազգային սիմպոզիումին, որը տեղի է ունենալու նոյեմբերի 14-15-ին եւ միավորելու է ռուսաստանցի եւ եվրոպացի խորհրդարանականներին։
Այդ ծրագրերի առաջացրած արձագանքը միանշանակ չէ ինչպես կուսակցությունում, այնպես էլ նրանից դուրս։ Թյուրինգիայի ներքին գործերի նախարար Գեորգ Մայերը (ԳՍԴԿ) մտահոգություն է հայտնել, որ AfD-ը կարող է պատգամավորական հարցումներն օգտագործել զգայուն տեղեկատվություն ստանալու համար։
Ներկուսակցական հակասությունները եւս սրվում են․ համանախագահներ Ալիսա Վայդելը եւ Թինո Հրուպալան ավելի հաճախ են տարբեր կարծիքներ հայտնում Մոսկվայի հետ հարաբերությունների եւ Ուկրաինայում պատերազմի հարցում։
Ռուսաստանի հետ չափից ավելի սերտ շփումներն արդեն հանգեցրել են կադրային հետեւանքների։ Պատգամավոր Մաթիաս Մոսդորֆն, օրինակ, կորցրել է արտաքին քաղաքականության գծով աշխատանքային խմբի ղեկավարի պաշտոնը իր ռուսամետ դիրքորոշման պատճառով։ Այնուամենայնիվ, նրա զինակից Շթեֆան Կոյտերը, որը հայտնի է նման հայացքներով, հավանություն է տվել ներկա ուղեւորությանը եւ հայտնել, որ ծախսերը կծածկի խորհրդարանական խմբակցությունը։





























